Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Հոնկոնգում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Չինաստանի տարածքում զոհերի թիվը գերազանցել է 420-ը:
Մահացածը 39-ամյա տղամարդ է, որը համաճարակի էպիկենտրոն Ուհանում է եղել հունվարի 21-ին, ինչից հետո Հոնկոնգ է վերադարձել: Պարզվել է, որ նրա մայրը վարակակիր է եղել:
Այժմ Հոնկոնգում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ինչ վերաբերում է 39-ամյա տղամարդուն, ապա սա Չինաստանի սահմաններից դուրս նոր վարակի հետևանքով մահվան արդեն երկրորդ գրանցված դեպքն է: Առաջինը տեղի է ունեցել Ֆիլիպիններում՝ անցած կիրակի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 20 000-ը: Բացի այդ, աշխարհի 23 երկրում գրանցվել է վարակման առնվազն 151 դեպք:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










