Վրացական ընդդիմությունը չեղարկել է այսօր նախատեսված բողոքի ակցիան` հարգելով երեկ զոհված ընտանիքի հիշատակը

10:40 • 04.02.20

Վրաստանի միացյալ ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ երեկ երեկոյան Վրաստանի Բաղդաթ քաղաքատիպ ավանում տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Վրաստանի ընդդիմությունը պիկետի չի ենթարկի խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Մի քանի ժամ առաջ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Բաղդաթի Ակակի Ծերեթելի փողոցում ապրող ընտանիքի տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքվ մահացել է 6 մարդ, այդ թվում` 4 երեխա: Նախ, ես ուզում եմ ցավակցություններս հայտնել դեպքի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցել ընտանիքին և ամբողջ Վրաստանին: Ինչպես գիտեք, մենք վաղը ժամը 10:00-ին բողոքի ակցիա էինք ծրագրել, բայց այս պատմությունը մեզ ստիպեց չեղարկել փետրվարի 4-ի ակցիան` հարգելու մահացածների հիշատակը: Եվս մեկ անգամ ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին: Մենք սարսափելի դեպքի ականատես եղանք»,-ասել է Վաշաձեն:

Փետրվարի 3-ի երեկոյան Վրաստանի Իմերեթի մարզի Բաղդաթ քաղաքատիպ ավանի Ակակի Ծերեթելի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 4-ը` անչափահասներ:  

Ավելի վաղ Վրաստանում «Ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել էր, որ ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաները վերսկսվելու են փետրվարի 4-ից: