Ֆրանսիայում դաժանորեն սպանել են Կադիրովի ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկին
Ֆրանսիայում հայտնաբերվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկի՝ բլոգեր Իմրան Ալիևի դին, հայտնում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ Եվրոպայում հաստատված չեչեն այլախոհին դաժանորեն սպանել են:
Քառասունչորսամյա բլոգերի դին հայտնաբերվել է Լիլ քաղաքի հյուրանոցներից մեկում: Նա պարանոցի հատվածում դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել:
Ոստիկանությունը դեռևս կասկածյալների անունները չի հրապարակել, սակայն քաջատեղյակ աղբյուրները տեղական լրատվամիջոցներին փոխանցել են, որ ոստիկանությունը լուրջ կասկածներ ունի առ այն, որ սպանությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
Հայտնի է, որ Ալիևը Ծերուկ Մանսուր կեղծանվան ներքո յութուբյան հոլովակներ էր նկարահանում՝ ծաղրելով և քննադատելով երկրի ղեկավարին: Բրիտանական պարբերականը նշում է, որ Կադիրովին քննադատող և արտաքսման մեջ ապրող չեչենները հաճախ են հայտնվում մարդասպանների թիրախում:
«Նրան առանձնակի դաժանությամբ են սպանել»,- հայտարարել է չեչեն ընդդիմադիր լրագրող Մուսա Թայիփովը, որը մշտական կապի մեջ է եղել Ալիևի հետ:
«Ես որևէ կասկած չունեմ, որ նա մահվան դատապարտվածների ցանկում է եղել»,-ասել է Եվրոպայում ապաստանած բլոգեր Թումսո Աբդուրախմանովը, որի խոսքով՝ ինքը Կադիրովի մերձավորներից սպառնալիքներ է ստացել քննադատական հոլովակների հրապարակման ահամար:
Բլոգերի խոսքով՝ Ալիևի մահից առաջ իրեն տեղեկություն է հասել, ըստ որի՝ Չեչնիայից Եվրոպա մարդասպան է ուղարկվել: Տղամարդը սկզբում մտածել է, որ մարդասպանին իրեն վերացնելու համար են ուղարկել:










