Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով Սաուդյան Արաբիան կոչ է արել կրճատել նավթի արդյունահանումը

02:18 • 04.02.20

Սաուդյան Արաբիան նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին մտադիր է ժամանակավորապես կրճատել նավթի արդյունահանումը: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ շարունակելով, որ վարակն ազդում է ածխաջրածինների պահանջարկի վրա: 

Պարբերականը, որը հղում է անում Նավթ արտահանող երկրների կազմակերպության իր աղբյուրներին, մանրամասնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը ածխաջրածինների պահանջարկի կրճատման պատճառ է դարձել, և հետևաբար նվազեցնում է նավթ արդյունահանող երկրների եկամուտները:

Հաղորդվում է, որ ՕՊԵԿ-ի երկրների ներկայացուցիչները պետք է քննարկեն այս համաճարակի բռնկման հետ կապված հնարավոր գործողությունները:

Պարբերականի տվյալներով՝ Էր Ռիադը պնդում է, որ պետք է համատեղ օրական 500 հազար բարելով կրճատել նավթի արդյունահանումը, մինչև կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կդադարի ազդել շուկայի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի ընթացքում նվազել է 2.8 տոկոսով՝ հասնելով 54.9 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: 

Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը վերջին անգամ 55 դոլարից նվազել է 2019 թվականի հունվարի 3-ին:

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 2.3 տոկոսով՝ կազմելով 50.4 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Աճուրդի ժամանակ գրանցվել է նաև 49.92 դոլար: