Մահացել է «Լենֆիլմ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետտա Ղուկասյանը

12:28 • 04.02.20

Կյանքի 90-րդ տարում մահացել է 1960-1990-ականները «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատած, կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետտա Ղուկասյանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքը:

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ փետրվարի 2-ին ընդհատվել է արվեստաբանության թեկնածու, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, «Պատվո նշան» շքանշանակիր Ֆրիժետտա Գուրգենի Ղուկասյանի կյանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ղուկասյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17-ին: 1954 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել սկզբում «Լեննաուչֆիլմ» ընկերությունում, ապա 4 տարի անց` «Լենֆիլմ» կինոստուդիայում, որտեղ տասնյակ տարիներ աշխատել է գլխավոր խմբագրի պաշտոնում:

Կինեմատոգրաֆիստների միությունում նշել են, որ Ղուկասյանը տաղանդավոր խմբագիր էր, աջակցել է կինոարվեստի վարպետներին նրանց գործունեության դժվարին ժամանակներում:

«Լենֆիլմ»-ի կայքում Ղուկասյանի մասին գրված է, որ «նրա բարձր պրոֆեսիոնալիզմն օգնել է բացահայտել շատ դրամատուրգների և ռեժիսորների` որպես ստեղծագործական անհատականություններ, որոնց թվում են Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան»:

Ղուկասյանը մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Դոնի պատմություն», «Երեք չաղլիկները», «Ասյա», «Լիր թագավորը», «Ուրիշի նամակները», «Շան սիրտը», «Հիմարը», «Վարպետն ու Մարգարիտան» և այլն: