Հս. Կորեան արգելել է օտարերկրացի դիվանագետներին մուտք գործել և դուրս գալ երկրից
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն արգելել է օտարերկրյա պետությունների դիվանագետներին երկիր մուտք գործել և դուրս գալ երկրից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Փհենյանում ՌԴ դեսպանությանը:
«Արգելվում է դիվանագիտական կորպուսի անդամների և նոր աշխատակիցների երկիր մուտքն ու ելքը` ապրանքներ ձեռքբերելու նպատակով: Ձեզնից անկախ պատճառներով երկիր ժամանելու դեպքում մուտքը թույլատրվում է միայն մուտքի կետերում 15-օրյա կարանտին անցնելուց հետո»,-ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում նաև շփում չունենալ կարանտինում գտնվող անձանց հետ և տեղաշարժվել միայն դիվանագիտական թաղամասի տարածքում:
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










