Սիրիայում գերեվարված գրոհայինները բացահայտել են Թուրքիայի դերը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ստեղծման գործում
Հալեպի շրջակայքում սիրիական զինված ուժերի կողմից գերեվարված զինյալները պատմել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության ստեղծման գործում Թուրքիայի դերի մասին: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Սիրիական բանակի և զինյալների միջև Հալեպի շրջակայքում տեղի ունեցած մարտերի արդյունքում գերեվարվել է 2 զինյալ` 2-ն էլ Սիրիայի քաղաքացի:
Նրանցից մեկը 1985 թվականին ծնված Մահմուդ ալ-Նաջիմն է, կեղծանունը` Աբու Աբդալա, նա Թըբնի բնակավայրից է:
Նրա խոսքով` սկզբում քաղաքում ձևավորվել է աշխարհիկ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ի ջոկատը: Հետագայում այս շրջանում «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ջոկատների հայտնվելուն պես բախումներ են սկսվել աշխարհիկ և ծայրահեղական ընդդիմադիրների միջև:
Ալ-Նաջիմն իր ազգականների հետ որոշել էր փախչել Թուրքիա, սակայն այդ երկրի ոստիկանությունը նրան կանգնեցրել է և, ինչպես ինքն է պնդում, ստիպել է իրեն համալրել «ան-Նուսրա»-ի շարքերը:
«Ասացին, որ եթե ես չաշխատեմ նրանց համար և չկռվեմ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի շարքերում, նրանք կսպանեն կամ կձերբակալեն իմ ընտանիքը: Նրանք ինձ հարյուր դոլար աշխատավարձ տվեցին»,- պատմել է ահաբեկիչը սիրիացիների կողմից հարցաքննության ժամանակ:
Նրա խոսքով` իր ազգականներին թուրքերն ուղարկել են փախստականների ճամբար և այնտեղ նրանց պահում են «գերության մեջ»:
«Նրանք ասացին, որ քանի ես աշխատում եմ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ, ընտանիքս անվտանգության մեջ է»,- տեղեկացրել է զինյալը` հավելելով, որ խմբավորման ամբողջ ֆինանսավորումը գալիս է Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից:
Ահաբեկիչների շարքերում ալ-Նաջիմը ստանձնել էր գնդացրորդի պարտականությունները: Որպես գնդացրորդ` նա կռվել է ամբողջ Սիրիայի տարածքում: Հարցին, թե ինչու են նրանք կրակում Հալեպի ուղղությամբ, նա պատասխանել է. «Մեր հրամանատարն ասաց, որ դա կբերի քաղաքացիների ատելությանը դեպի սիրիացի և ռուս զինվորականները»:
Երկրորդ գերին Հուսեին Աբդուլ Ազիզն է` Դեյր Հաֆեր քաղաքից, կեղծանունը` Աբու Ուդեյ: Նա տեղեկացրել է, որ իր ընտանիքի միջոցները չէին բավականացնում սննդի համար, մինչդեռ զինյալները տղամարդկանց էին հավաքագրում և գումար էին վճարում:
«Ես գրանցվեցի: Հետո կռվում էի տարբեր խմբերում` «Ահրար աշ-Շամ», «Զինկայի բրիգադ» և այլն: Բոլոր այս խմբերը մտնում էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» կազմի մեջ»,-պատմել է նա հարցաքննության ժամանակ:
Նրա խոսքով` զինյալների կազմում այժմ կռվում են պակիստանյան և աֆղանական ջոկատներ: Աբդուլ Ազիզի խոսքով` ինքը գերի է ընկել այն ժամանակ, երբ իր ջոկատը նահանջում էր դեպի Ռաշիդին-5 շրջանում գտնվող թուրքական դիտակետը:
Սիրիական բանակը հունվարի 26-ին Հալեպի արևմուտքում հարձակում է սկսել ահաբեկիչների կողմից քաղաքը կրակի տակ պահելու հետ կապված, ինչի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: Անցյալ շաբաթ սիրիական ուժերը ոչնչացրել են զինյալների կրակային դիրքերը, որտեղից վերջիններս կրակում էին Հալեպի ուղղությամբ:










