Թուրքիայում միայն հունվարին 27 կին է սպանվել. «Վե՛րջ կանանց սպանություններին» կազմակերպություն
Թուրքիայում շարունակվում են կանանց դեմ բռնություններն ու հանցագործությունները: «Վե՛րջ կանանց սպանություններին» կազմակերպության տվյալների համաձայն` միայն 2020 թվականի հունվարին Թուրքիայում 27 կին է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:
Կանանցից 7-ը սպանվել են տղամարդկանց կողմից, որոնց հետ ապրել են նույն հարկի տակ: 5 կանանց սպանել են նրանց օրինական ամուսինները, 5-ին` որդիները, երկուսին` նախկին ամուսինները, մեկին` ազգականը և մեկին` նախկին ընկերը:
Հիմնականում սպանության գործիք են հանդիսացել զենքը կամ կտրող-ծակող գործիքները, երկու կին մահացել է ուժգին ծեծի հետևանքով, մեկը մահացել է այրվածքներից, մեկին էլ խեղդամահ են արել:
Սպանության դեպքերից 18-ը կատարվել է տանը, 6-ը` փողոցում, մեկը` մեքենայի մեջ, մեկը` ամայի վայրում, մեկի սպանության վայրն էլ անհայտ է:










