Ուկրաինայում կոմունալ վճարումների գումար չունեցող թոշակառուին խորհուրդ են տվել շանը վաճառել. իրավիճակին միջամտել է Զելենսկին

12:09 • 04.02.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կառավարությանը զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհու հարցով, որին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Եվգենի Բրագարը խորհուրդ էր տվել կոմունալ վճարումների համար վաճառել շանը, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Կովալիվի հայտարարությանը:

Նա ներողություն է խնդրել պատգամավորի այդ կոպիտ արտահայտության համար և պատմել պետության ղեկավարի հանձնարարականի մասին:

«Դեռևս ուրբաթ օրը նախագահը կառավարությանը հանձնարարել է զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհի Լյուբովի կոնկրետ հարցով: Այսօր մենք տեղեկություն ստացանք ուղղակիորեն այդ տնային տնտեսության վճարումների, ընտանիքի` կոմունալ ծառայությունների և ստացված սուբսիդիաների մասին: Կառավարության այսօր տրամադրած տեղեկատվության համաձայն` այս ընտանիքը ջեռուցման սեզոնից սկսած 3,5 հազար գրիվնայից մի փոքր ավելի դրամայնացված սուբսիդիա է ստացել, ինչը միջին հաշվով թույլ է տալիս կոմունալ ծառայությունների համար վճարել ամսական ոչ ավելի, քան 300-350 գրիվնա»,- նշել է Կովալիվը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին պատգամավորը թոշակառու կնոջը խորհուրդ էր տվել վաճառել «էլիտար ցեղատեսակի» շանը` կոմունալ վճարումներ անելու համար: Դրանից հետո զայրացած ուկրաինացիները «Շուն եմ վաճառում» ֆլեշմոբն էին սկսել: