Թրամփը Գուաիդոյի ներկայությամբ խոստացել է «ջախջախել» Վենեսուելայի նախագահ Մադուրոյի «բռնակալությունը» (տեսանյութ)

13:00 • 05.02.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում «կվերացնի բռնակալությունը»` նկատի ունենալով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը, հայտնում է The Hill հրատարակությունը: 

«Միացյալ Նահանգները 59 երկրներից Վենեսուելայի սոցիալիստական բռնապետ Նիկոլաս Մադուրոյի դեմ դիվանագիտական կոալիցիան է գլխավորում: Մադուրոն անօրինական կառավարիչ է, բռնակալ, որը դաժանորեն է վարվում իր ժողովրդի հետ: Սակայն Մադուրոյի բռնակալական իշխանությունը կջախջախվի և կվերանա»,- հայտարարել է նախագահը Կոնգրեսում:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներն «աջակցում է կուբացիների, նիկարագուացիների և վենեսուելացիների` ժողովրդավարության վերականգնման հույսերը»: Դրանից հետո Թրամփը դիմել է դահլիճում ներկա Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին և հաստատել, որ հենց նրան է Վաշինգտոնը ճանաչում որպես բոլիվարյան հանրապետության «իրական և օրինական նախագահ»: Կոնգրեսականներն այս խոսքերը ողջունել են բուռն ծափահարություններով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգներն աշխատում է միջազգային հանրության հետ՝ Վենեսուելայում իշխանափոխության հասնելու համար:

Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին: Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:

Ավելի վաղ The Washington Post հրատարակությանը տված հարցազրույցում Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սակայն կնախընտրեր միանգամից խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ Պոմպեոն անհաջողություն է ունեցել Վենեսուելայում և Թրամփի փոխարեն պատասխանատվություն է կրում Վենեսուլայի նկատմամբ վարած քաղաքականության համար:

 

 

Տեսանյութը` այստեղ: