Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ախալցխայում
Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել է Ախալցխա և հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն: Հանձնակատարն իր խոսքում նշել է, որ այսպիսի այցերը կարևոր են ոչ միայն հայ համայնքների հետ հանդիպումների և խնդիրների բարձրաձայնման առումով, այլև նմանօրինակ հանդիպումների և ծանոթությունների տեսանկյունից: Ընդգծվել է այն հանգամանքը, որ հայ և վրացի ժողովուրդները կողք-կողքի բնակվում են համերաշխության և եղբայրության սկզբունքներով՝ նպաստելով նաև երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վրացի պաշտոնյաները ներկայացրել են Ջավախքում իրականացվող բարեփոխումները՝ սկսած կրթական մակարդակի բարձրացումից մինչև ճանապարհների կառուցում և ենթակառուցվածքների արդիականացում:
Անդրադարձ է կատարվել տեղի հայության առօրյային, զարգացման ծրագրերին և այլ թեմաների: Պատրաստակամություն է հնչել համագործակցություն ծավալել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելել է թիվ 3-րդ հայկական դպրոց և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը հանդիպել է Ախալցխայի հայության հետ: Հանդիպումն ընթացել է անմիջական մթնոլորտում, ներկաները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Դրանց գերակշիռ մասը վերաբերում էին կրթական ոլորտին՝ սկսած դասագրքերի քանակի, որակի ու բովանդակային խնդիրներից մինչև ուսուցիչների վերապատրաստում, նրանց որակավորման տարակարգի շնորհման դժվարություններ, նոր կադրերի պատրաստում, այլ հայագիտական առարկաների դասավանդման խոչընդոտներ և այլն: Ներկաները կարևորել են նաև Վրաստանին սահամանամերձ հայկական մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարները: Շոշափվել են սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր: Գլխավոր հանձնակատարը նշել է, որ վրացի գործընկերների հետ ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում այս թեմաների մեծ մասին անդրադարձ կատարվել է, ձեռք են բերվել որոշ նախնական համաձայնություններ, համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:
Հանդիպումից հետո Զարեհ Սինանյանն այցելել է Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն։ Ավելի նեղ շրջանակով դարձյալ հանդիպում է տեղի ունեցել հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:
Օրվա ավարտին հանձնակատարն այցելել է Ծուղրութ գյուղ և շրջայց կատարել։










