Ժողովրդի բերած 88 հոգին այստեղ անելիք չունեն. որոշել են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա. Անի Սամսոնյանը՝ Սահմանադրության փոփոխման նախագիծը հանրաքվեի դնելու մտադրության մասին

17:47 • 06.02.20

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գրվել է իրավաբանական կոպիտ խախտումներով և ունի հակասահմանադրական բնույթ, որովհետև սահմանադրական այն նորմը, որը կարգավորում է, հիմնական չէ, այլ անցումային դրույթ է, իսկ այդ դրույթն արդեն իրացվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին պաշտոնից հեռացնելու օրինագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնությանը՝ պատգամավորը նշեց. «2 պատճառ կա. առաջինն այն է, որ  ցանկություն կա դնելու հանրաքվեի և չուղարկել ՍԴ և երկրորդն այն է, որ այս փոփոխությունն ունի նաև իրավական հետևանքներ առ այն, որ սա հակասահմանադրական է և ըստ այդմ մեր գործընկերները որոշել են իրենց ավանդույթի համաձայն այդ պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա: Դուք գիտեք, իրենք սիրում են պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա, անընդհատ ասում են՝ ժողովուրդը, ժողովուրդը իմաստուն է, ժողովուրդը կանի, բայց դե կներեք, եթե ժողովուրդը ձայն է տվել այս 88 հոգուն և բերել այստեղ, որ 88  հոգին իր տեղն ընդունի որոշումներ, բայց այդ նրանք ասում են՝ ժողովուրդ, դու պիտի գնաս ընտրատեղամասեր, նշանակում է, որ նրանք այստեղ անելիք չունեն»,- ասաց պատգամավորը:

Անի Սամսոնյանը նշեց, որ իշխանությունն ասում է, թե սա մեկ անձի խնդիր չէ, այլ 7 դատավորի խնդիր, սակայն հիմնական զեկույցի ամբողջ իմաստը Հրայր Թովմասյանի կենսագրությունն էր: «Պատմական ակնարկ էր, ոչ մի իրավաբանական հիմնավորում չկար, ոչ մի տրամաբանություն, ոչ մի քաղաքական խոսք, ասելիք, բացարձակապես դատարկ էր: Կարծում եմ՝ նախ խայտառակություն է նման կերպով զեկուցել այս փոփոխությունը, հասկանալով հանդերձ, որ դա խնդրահարույց է, ներկայացնել ԱԺ-ին, մի բան էլ նեղանալ, թե ընդդիմությունն ինչու է քննադատում»,- ասաց պատգամավորը: