ԱՀԿ-ն համաշխարհային ֆորում է հրավիրում կորոնավիրուսի բուժման մեթոդների ուսումնասիրության համար

23:35 • 06.02.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 11-12-ը համաշխարհային ֆորում է հրավիրում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի շուրջ ուսումնասիրություններ անելու համար:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ հանդիպումը կոչված է պարզելու վիրուսի ուսումնասիրման հարցում առաջնահերթությունները համակարգելու միջազգային ջանքերը բուժման մեթոդների և պատվաստանյութերի մշակման գործում: Այս մասին Ժնևում կայացած ասուլիսում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Մենք չունենք ո՛չ գործիքներ, ո՛չ պատվաստանյութ, ո՛չ բուժման մեթոդ հիվանդներին բուժելու համար»,- շեշտել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ շատ բան դեռ հայտնի չէ վիրուսի մասին, մասնավորապես՝ դրա ծագման աղբյուրի: 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ էր արել 675 մլն դոլար հատկացնել վիրուսի դեմ պայքարին:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբից Չինաստանում մահացել է 563 մարդ, վարակվել ավելի քան 28 000-ը, բուժվել 1100-ից ավելին: