ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի (տեսանյութ)

13:01 • 06.02.20

20։27

Ազգային ժողովն 88 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների թվի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի, ինչը և այսօր տեղի ունեցավ ԱԺ–ում:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը պետք է դադարի։

19։56

ԱԺ-ն չընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և նշեց, որ ՍԴ ճգնաժամի լուծումը պետք է տրվի հանրաքվեով և նշեց, որ «Իմ քայլը» ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների՝ կողմ ՝ 0, դեմ՝ 36 և ձեռնպահ՝ 87 հարաբերակցությամբ:

Վարման կարգով ելույթ ունեցավ խմբակցության ղեկավարԼիլիթ Մակունցը և նշեց, որ  համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի, եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների թվի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Նա ԱԺ նախագահին խնդրեց հնարավորություն տալ ներկայացնել հանրաքվեի դնելու հարցը քննարկել ԱԺ-ում: ԱԺ-ն հիմա քննարկում է Սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու հարցը:  



13։01

Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում ընդգրկելով հետևյալ հարցերը. 

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցում)

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցում)

«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցում)

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)

Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցում)


«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին(երկրորդ ընթերցում)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն
(առաջին ընթերցում)

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ կետի համաձայն նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարց չէր մնացել, նիստը համարվեց ավարտված:

«Ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել, այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը տեղի կունենա մեկ ժամից, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցը»,- ասաց Արարատ Միրզոյանը:


Այնուհետև կրկին հրավիրվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստին, ինչին հաջորդեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդամենը մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Նախագիծը չընդունվեց։

Համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանութ ձայների առնվազն 3/5-րդի որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի։