«Խայտառակություն էր, դրանում շատ սուտ կար». Նենսի Փելոսին ասել է, թե ինչու է Թրամփի ելույթի տեքստը հրապարակավ պատռել (տեսանյութ)

14:03 • 06.02.20

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմել է, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփի` ժողովրդին ուղղված ելույթի տեքստը հրապարակավ պատռել, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ նա այս մասին խոսել է դեմոկրատների դռնփակ նիստի ժամանակ:

Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ խոսնակը հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, քանի որ դրանում շատ սուտ կար: 

«Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,- հայտարարել է Փելոսին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև չափացանց լարված շփում է եղել:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Փելոսին Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից էր և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը: Սակայն ԱՄՆ Սենատն արդարացրել է Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ: Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվել է՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մասով: