Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդին ասենք՝ եկեք սպանե՞ք, որ սպանությունների թիվն ավելացնե՞նք. ԳՇ պետի պատասխանը՝ խաղաղ պայմաններում շատ զոհեր ունենալու մասին հարցին (տեսանյութ)

18:44 • 07.02.20

Յուրաքանչյուր զարգացած բանակում, որն ինչ-որ ձևով խնդիր է կատարում, լինի Ֆրանսիայինը, ԱՄՆ-ինը, անպայման ինքնասպանություններ լինում են, կարող եք վերցնել ինքնասպանությունների քանակն այդ երկրների բանակներում և համեմատել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` անդրադառնալով ՀՀ ԶՈւ-երում ինքնասպանություններին:

«Արդարացման խնդիր չէ, իհարկե, ունենք բացթողումներ, բայց երբ հրապարկում են, թե ոչ մեկ իրենց տեղում չէ և այլ մեղադրանքներ, պետք է ասեմ՝ մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները, ավելի լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները, որոնք կան զինված ուժերում»,- ասաց Արտակ Դավթյանը:

Նա օրինակ բերեց վարչապետի հայտարարությունը, որ անցած տարի ամենաքիչ զոհերն ենք ունեցել և նշեց, որ վարչապետի այդ ասածից աղմուկ բարձրացավ. «Բա, որ քիչ են զոհերը, ասենք շա՞տ է: Մեր նպատակն է, որ ընդհանարապես չունենանք զոհ, ինքնասպանություն, մենք ուզում ենք դա, եթե ձևը բոլորդ գիտեք, եկեք աշխատենք և ձևը գտնենք»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ վերջերս բանակում խաղաղ պայմաններում մահացած Վահրամ Ավագյանի ծնողները բարձրաձայնել են, որ ամիսներ շարունակ բռնություն է գործադրվել իր նկատմամբ, ինչպե՞ս է սա տեղի ունեցել, Դավթյանը պատասխանեց՝ ցավակցում է բոլոր հարազատներին:

«Բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ, նախաքննություններ, քրեական գործեր կան և որևէ բան հիմա մեկնաբանելը իմ կողմից ճիշտ չի լինի: Բոլոր հարցերով դատարանը պետք է դնի վերջակետը, այդ ժամանակ կարող եմ մեկնաբանել ամեն ինչ»,- շեշտեց Դավթյանը:

Հարցին՝ նախորդ տարի էլ խաղաղ պայմաններում ավելի շատ զինվոր է զոհվել, քան հակառակորդի կրակոցից, սա նրան հիմք չի՞ տալիս փոփոխություններ անելու, Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդի կողմից ավելացնե՞նք, ասե՞նք՝ խնդրենք հակառակորդ արեք սպանե՞ք: Գործ է արվել այդ ուղղության վրա և քանակը նվազել է: Ինչո՞ւ եք միայն դա նշում, նույն ավտովթարներից քանակի նվազում ունենք, ականների վրա պայթյունից պակաս ունենք, 2018-ին 2019-ի համեմատ ինքնասպանության և ինքնասպանության փորձերի քանակն է մնացել նույնը»:

Ինչ վերաբերում է նրան, որ անցած տարի ահազանգ կար օրերս մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի զորամասի վերաբերյալ, գնացե՞լ եք հետքերով, Դավթյանը նշեց, որ այդ հարցով համապատասխան հայտարարություն Արցախի ՊԲ-ն կատարել է։

«Այդ հարցով հարուցվել է քրգործ, Դատախազությունը մերժել է քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով: Մենք նման ահազանգեր ստանում ենք օրը 30 հատ, եթե ոչ ավելի: Եթե չեմ սխալվում, թեժ գծին 47, 000 ահազանգ է  եղել, դե վերցնենք ու ասենք՝ դրանց հետևից չենք գնացել, չենք արե՞լ»,- նշեց նա:

Արտակ Դավթյանը նաև ասաց, որ պետք է հասկանալ «հետևից գնալ» ասելով ինչ են հասկանում, այսինքն՝ ԳՇ պետը պետք է անձա՞մբ գնա: «Բոլոր հեռախոսազանգերը, որոնք վտանգ են պարունակում փոխանցվում են իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպել է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովին վերաբերող հարցերին Դավթյանը հրաժարվեց պատասխանել, ասելով որ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա հանձնաժողովը, և այն հենց դրա համար է ստեղծված: