Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, հանրաքվեին առնչվող խնդիրների մասին դատողություն անել չենք կարող. Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

14:30 • 07.02.20

Մենք միշտ աշխատել ենք՝ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ հանդիպումից հետո՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նա աշխատել է նաև նախորդ իշխանությունների օրոք, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին բազմիցս մեղադրանքներ են հնչել:

«ԿԸՀ-ն հանդիսանում է անկախ հանձնաժողով, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով: Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթացը»,-նշեց նա:

Մուկուչյանի խոսքով՝ հանձնաժողովում հանդիպման ժամանակ քննարկվել են լայն շրջանակների հարցեր, և նա՝ որպես ԿԸՀ նախագահ, ներկայացրել է իր դիտարկումները որոշ հարցերի վերաբերյալ:

«Կոնկրետ ինչ-որ ընթացակարգի հետ կապված որևէ քննարկում չենք ունեցել, եղել է զուտ օրենսդրական տարբեր խնդիրների վերաբերյալ քննարկում: Տարբեր օրենքներում առկա են խնդիրներ: Ես նշեցի, թե ԿԸՀ-ն ինչ օրենսդրական ակտերով է աշխատում, և այդ օրենքներում նկատված առանձին ինստիտուտների հետ կապված ներկայացվել են որոշակի մոտեցումներ, դիրքորոշումներ»,-ասաց Մուկուչյանը:

Անդրադառնալով ԱԺ կողմից ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունը դադարեցնելու նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը՝ Մուկուչյանն ասաց, թե երբ նշանակվի հանրաքվե, ԿԸՀ-ն լիարժեք ծավալով կիրազեկի իր գործառույթների մասին:

«Այսօրվա գործող հանրաքվեի մասին օրենքում ամրագրված ժամկետները մի քիչ ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետներն են: ԿԸՀ-ն 2018թ.-ին կազմակերպել էր արտահերթ ԱԺ ընտրություններ՝ գործելով շատ ավելի կարճ ժամկետներում: Եթե մեկնարկում է գործընթաց, ապա կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները որպես ուղենիշ ունենում են այդ ժամկետները, որոնց ընթացքում էլ պետք է կազմակերպեն գործընթացը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ:

«Իրավական որևէ հիմք գործընթացի մեկնարկի առումով չկա, խնդիրների մասին մենք դատողություններ չենք կարող անել: Հանրաքվեի ժամկետի սկիզբ և ավարտն օրենքով նախատեսված է 50-65 օր: Օրը նշանակվում է Հանրապետության նախագահի կողմից»,-նշեց նա:

Հարցին՝ ճշտգրտվա՞ծ են արդյոք հանրաքվեի քվեաթերթիկի ձևն ու դրանում առկա հարցադրումը, Մուկուչյանն ասաց. «Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, բնական է՝ այդ խնդիրների մասին դատողություն անել չենք կարող»: