Մոսկվայում երիտասարդն այրել է բարձր երաժշտության համար իրեն նկատողություն արած հարևանի մեքենան
Մոսկվայի հարավ-արևմուտքում ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը, քննության համաձայն, վրեժխնդրությունից դրդված, այրել է հարևանի ավտոմեքենան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության տարածած հայտարարությանը:
Դեպքը տեղի է ունեցել Զյուզինո շրջանում, Ազովսկայա փողոցի վրա: 32-ամյա կասկածյալը, ինչպես պարզվել է, թմրանյութերի տարածման համար պայմանական դատվածություն ունի:
«Չարագործը բարձր երաժշտություն է լսել, ինչի համար շենքի բնակիչներից մեկը նրան նկատողություն է արել: Տղամարդուն դա դուր չի եկել, և նա այրել է հարևանի կնոջ ավտոմեքենան»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ոստիկանության հրապարակած տեսանյութում ձերբակալվածը հայտարարել է, որ այդ քայլին է գնացել հարևանի` իրեն հարվածելուց հետո:
«Հարևանի հետ վեճ եղավ: Մենք բարձր աղմկում էինք, երևում է` շատ բարձր: Նրան ափերից դուրս հանեցինք, հարվածեց ինձ: Ես էլ այդպես վարվեցի»,- պարզաբանել է երիտասարդը:
Նրա խոսքով` նա քայքայիչ լուծույթ է լցրել մեքենայի վրա, այրել այն, այնուհետև տուն գնացել: Երիտասարդն ընդունել է մեղքը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ «դիտավորյալ գույքի վնասում կամ ոչնչացում» հոդվածով, նա տեղափոխվել է քննչական մեկուսարան: Այժմ պայմանական ժամկետը կարող է փոխարինվել իրական բանտարկությամբ:










