ՀՔԾ-ն խտրական վերաբերմունք ունի լրատվամիջոցների ու նույն գործի շրջանակներում գտնվող երկու տարբեր անձանց վերաբերյալ

18:07 • 07.02.20

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը նույն գործի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող գործով «Հանրային հեռուստաընկերությանը» Հատուկ քննչական ծառայությունը տրամադրել էր նախաքննության փուլում գտնվող գործի մանրամասներն այն չափով, որ դրան անդրադարձն աննախադեպ էր: Տրամադրված տվյալներին անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանները, գործի հետ առնչություն չունեցող իրավաբաններ, իրավապաշտպաններ, ովքեր ֆիքսում էին, որ նախաքննության տվյալներ են տրամադրվել, և բացի այդ, խախտվել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը:

Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նույն քրեական գործում  ներգրավված է նաև «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը:

Հենց նույն՝ Թովմասյանի ու Նորայր Փանոսյանի գործի շրջանակներում հենց Տարոն Թովմասյանին էր վերաբերում Tert.am-ի հարցումը, որին Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանել: Ընդ որում, հարցումն ուղարկվել է ելնելով ՀՔԾ-ի մեկ այլ լրատվամիջոցի տված պատասխաններից, և հարցերն էլ նախաքննության վերաբերող այնքան տվյալներ չեն պարունակել, որքան ՀՔԾ-ն հրապարակել էր Հրայր Թովմասյանի վերաբերյալ: Սակայն, ՀՔԾ-ն Տարոն Թովմասյանի վերաբերյալ հարցնմանը պատասխանել է, նշելով. «Հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»:

Ինչ է ստացվում.

Նույն գործի վերաբերյալ, եթե Հանրային հեռուստաընկերությունն է Հրայր Թովմասյանի վերաբերյալ տեղեկություն հայցում, ապա Հատուկ քննչական ծառայությունը տվյալներ տրամադրում է, ընդ որում, ավելին, քան պետք է, դա թույլատրելի է Սասուն Խաչատրյանի կարծիքով, իսկ եթե այլ լրատվամիջոց է գործով ներգրավված, այլ անձի մասին է հարցում ուղարկում, Սասուն Խաչատրյանը տվյալներ բացառապես չի տրամադրում, նախաքննական գաղտնիք է:

Եթե Տարոն Թովմասյանի վերաբերյալ տեղեկատվության հարցում ՀՔԾ-ն ճիշտ է և չի տրամադրել տեղեկություն, ապա տեղեկություններ չպետք է տրամադրեր նաև Հանրային հեռուստաընկերությանը, այլապես ստացվում է, որ ՀՔԾ-ն, որպես նախաքննական մարմին, չի պահում կողմերի հավասարության սկզբունքը: ՀՔԾ-ն իր պաշտպանության տակ է վերցրել Տարոն Թովմասյանին, և չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է Տարոն Թովմասյանը երկրորդ անգամ ՀՔԾ հրավիրվելու ժամանակ մուտք գործել հետնամուտքից:

Սա նախաքննական գաղտնի՞ք է, խանգարո՞ւմ է գործի նախաքննությանը, թե որ դռնից է ներս մտնում Տարոն Թովմասյանն իր պաշտպանի հետ, կամ նախաքննության գաղտնի՞ք է, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ի՞նչ կարգավիճակ ունի Տարոն Թովմասյանը, այդ դեպքում, ինչո՞ւ եք հայտնել, թե ինչ կարգավիճակ ունի Հրայր Թովմասյանը: Կամ, երբ Հանրային հեռուստաընկերությունը մեջբերում է ՀՔԾ-ի եզրակացությունը, ինչո՞ւ ՀՔԾ-ն չի պատասխանում Tert.am-ի հետևյալ հարցին. «Տարոն Թովմասյանի մասով ի՞նչ է եզրակացրել ՀՔԾ-ն, քանի որ այդ շրջանակներում մեկ եզրակացության մասին արդեն ՀՔԾ-ն հատկացրել է այլ լրատվամիջոցի»:

Հարցումը ներառել է նաև այլ հարցեր. Տարոն Թովմասյանի 200 մլն դրամ տուգանքն առնչվո՞ւմ է գործին, թե ոչ, ՀՔԾ պաշտոնյայի հետ Տարոն Թովմասյանը հանդիպո՞ւմ ունեցել է, թե ոչ:

Հատուկ քննչական ծառայությունը որևէ հարցի չի պատասխանել:

Մեկ դիտարկում ևս.

Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Հրայր Թովմասյանի անունը՝ կառույցի «սեփականաշնորհման» իրավունքով, իսկ մեկ այլ դեպքում անգամ բոլորի նախկին պաշտոններն է նշում: Սա ևս կարևոր հանգամանք է, թե ինչ օբյեկտիվություն ունի Հատուկ քննչական ծառայությունը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրած տեղեկությունների վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՌՀ-ին ի պատասխան՝ նշելով. «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի` նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է»:

Այսինքն` նախաքննական մարմնի կողմից լրատվամիջոցին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված փաստերի մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունները, որոնց հիման վրա արդեն իսկ անձին մեղադրանք է առաջադրվել»:

Ինչ վերաբերում է Տարոն Թովմասյանին, ապա Tert.am-ի տեղեկություններով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։

Վերջերս՝ հարցաքննության ավարտին Tert.am-ի հարցերին, թե Հրայր Թովմասյանի դեմ ինչի դիմաց է ցուցմունք տվել, արդյո՞ք 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու դիմաց, Տարոն Թովմասյանը հարցին չի պատասխանում. «Ոչ մի հարցի չենք պատասխանում»։

Չորս ժամ անց ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Տարոն Թովմասյանը չհերքեց և չհաստատեց տարածված տեղեկությունը, որ իր ընկերությունը 200 մլն հարկային պարտավորություն է ունեցել, որը Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են: