Չինաստանի իշխանությունները 28,6 միլիոն դոլար են տրամադրել կորոնավիրուսի բուժման համար
Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 միլիոն յուան (28,57 միլիոն դոլար) է հատկացրել Հուբեյ նահանգում կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն շտապ կարգով 200 միլիոն յուան է տրամադրել Խուանչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տունցզի բժշկական ինստիտուտի Տունցզի հիվանդանոցին, որն զբաղվում է ծանր դրության մեջ գտնվող կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` Հուբեյ նահանգի ազգային հիվանդանոցում ծանր հիվանդների համար բաժանմունք կառուցելու, մասնավորապես` շնչառական սարքավորումների էլեկտրոկարդիոմոնիտորների և այլ կարևոր սարքավորումների գնման համար»,- ասված է կոմիտեի հայտարարությունում:
Ըստ չինական իշխանությունների՝ կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 636, վարակվել` 31,161 մարդ, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










