Չինաստանում բուժել են կորոնավիրուսով վարակված ամենատարեց հիվանդին

20:11 • 07.02.20

Չինացի բժիշկները բուժել են Հուբեյ նահանգի 91-ամյա բնակչին, որն ամենատարեց մարդն է եղել, որը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Tass.ru կայքը:

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ բուժեցին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ինչպես նաև կազմակերպությանը` հոգատարության մակարդակի և աջակցության համար»,- ասել է Վան ազգանունով քաղաքացին։

91-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր հունվարի 23-ին Իչան քաղաքում:

Ըստ չինական իշխանությունների՝ կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 636, վարակվել` 31,161 մարդ, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: