«ՉԺՀ պայքարն արդեն իր արդյունքներն է տալիս». Թրամփն ու Ցզինփինը հեռախոսով քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ՉԺՀ պայքարն արդեն իր արդյունքներն է տալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով չինական լրատվամիջոցների հայտարարություններին:
«Փետրվարի 7-ին Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սի Ցզինփինն ընդգծել է, որ հիվանդության բռնկման հենց սկզբից Չինաստանի կառավարությունն ու չինացի ժողովուրդը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման դեմ պայքարի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Սի Ցզինփինն ընդգծել է, որ երկրի իշխանություններն ամենախիստ և համապարփակ միջոցառումներն են ձեռնարկել հիվանդության տարածման դեմ պայքարի համար, և ներկայում այդ միջոցներն արդեն «իրենց արդյունքներն» են տալիս:
Նա հավելել է, որ Չինաստանը վստահ է և բոլոր հնարավորություններն ունի հիվանդության տարածման դեմ պայքարում հաղթելու համար:










