Ուհանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է վարակի բռնկման մասին առաջինը հաղորդած չինացի բժիշկը
Չինացի բժիշկ Լի Վենլիանը, որը երկրում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջինը բարձրաձայնած բժիշկներից մեկն է, մահացել է վիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից: Այս մասին հայտնել են այն հիվանդանոցից, որտեղ բուժում էր անցնում բժիշկը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Global Times-ը հայտնել էր Լի Վենլիանի մահվան մասին, սակայն հետո հերքել էր այդ տեղեկությունը՝ պարզաբանելով, որ չինացին ինտենսիվ թերապիա է անցնում:
«Լի Վենլիանը մեզանից հեռացավ ուրբաթ 2.58-ին (երևանյան ժամանակով՝ 22.58, հինգշաբթի)»,- ասվում է Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում:
Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի դոկտոր Լի Վենլիանը դեկտեմբերի 30-ին չինական WeChat սոցցանցում իր գործընկերներին պատմել էր ծովամթերքի «Հուանան» շուկայում SARS վարակի 7 նոր դեպքի հաստատման մասին: Նա չգիտեր, որ նոր կորոնավիրուսը տարբերվում է նախկինում հանդիպած վարակից: Լիի հրապարակումը մեծ արագությամբ տարածվեց նաև այլ սոցիալական ցանցերում, քանի որ մարդիկ վախենում էին SARS վիրուսի հնարավոր վերադարձից:
Հաջորդ օրը Լին և 7 այլ բժիշկներ հրավիրվել էին Ուհանի ոստիկանություն: Նրանց նախազգուշացում էին տվել և ասել, որ այլևս «կեղծ օնլայն հայտարարություններ» չանեն, քանի որ դրանք կարող են խախտել հասարակական կարգը:
Հունվարի 11-ին Լին Weibo միկրոբլոգի իր էջում գրել էր, որ հազ և բարձր ջերմություն ունի: Իսկ ուրբաթ արված իր վերջին հրապարակման մեջ նա հաղորդել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքը:










