ԱՄՆ-ում 1984-ից անհետ կորած կնոջ ընտանիքին հայտնել են, որ կինը սպանվել է ԱՄՆ ամենադաժան սերիական մարդասպաններից մեկի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)
1980-ականներից անհետ կորած կնոջ ընտանիքին պատմել են, որ նա սպանվել է ԱՄՆ պատմության մեջ ամենադաժան սերիական մարդասպաններից մեկի` Սեմյուել Լիթլի կողմից, գրում է Daily Mail-ը:
Ոստիկանությունն այդ եզրահանգմանն է եկել այն բանից հետո, երբ ուսումնասիրել է մարդասպանի՝ բանտում գտնվող էսքիզները: Նշվում է, որ իրավապահները պետք է կարողանան պարզել հանցագործի կողմից սպանված տասնյակ կանանց ինքնությունը նույնպես:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Ֆրենսիս Քեմպբելը սեռական բռնության է ենթարկվել և սպանվել Ջորջիա նահանգում 1984-ին, սակայն նրա մահը մինչև վերջերս համարվում էր չպարզված:
79-ամյա մարդասպանին հաջողվել էր հայտնաբերել միայն 2012-ին: Վերջինս խոստովանել է, որ 1970-ից 2005-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 93 սպանություն, ինչի պատճառով էլ ՀԴԲ-ն նրան անվանում է ամերիկյան պատմության «ամենաբեղմնավոր» սերիական մարդասպանը:
Նախկին բռնցքամարտիկ Սեմյուել ՄքԴաուելը (Լիթլ) վստահեցնում է, որ իր բոլոր զոհերը կանայք են, իսկ սպանությունները կատարել է ԱՄՆ 19 նահանգներում: Այս պահի դրությամբ սերիական մարդասպանի 93 սպանություններից բացահայտված է 60-ը:

Լիթլի սպանությունները դադարեցին, երբ վերջինս Կենտուկիի անտունների կացարանում 2012-ին ձերբակալվեց, ապա արտահանձնվեց Կալիֆոռնիա, որտեղ էլ թմրանյութերի պահման համար նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց: ԴՆԹ հետազոտության շնորհիվ պարզվեց, որ նա կապ ունի 1987-89-ին Լոս Անջելեսում կատարված նվազագույնը 3 կանանց սպանությունների հետ, և դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Նշվում է, որ քննիչները անհետ կորած կանանց ինքնությունը պարզելու համար մարդասպանին հարկադրել են ուրվագծել իր զոհերի դեմքերը: Նախորդ ամիս բռնցքամարտիկին մեղադրանք է առաջադրվել նաև Քեմպբելի սպանության համար, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք հանցագործն այս մեղադրանքով դատարանի առջև կկանգնի, թե ոչ. նրա առողջական վիճակը վատանում է:
ՀԴԲ-ն շարունակում է ուսումնասիրել հանցագործի էսքիզները՝ հուսալով, որ վկաները կկարողանան ճանաչել կանանց:











