«Ես չպահեցի նրան». Ուսպենսկայայի դուստրը մոր հետ սկանդալից հետո լքել է Ռուսաստանը
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, որը մորից հրապարակավ ներողություն էր խնդրել մի քանի օր առաջ տված աղմկահարույց հարցազրույցի համար, ընտանեկան սկանդալից հետո լքել է Ռուսաստանը, գրում է ria.ru-ն:
Ուսպենսկայան ասել է, որ ցավում է դստեր հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակի համար: Նա նշել է, որ Պլակսինային իր կողքին էր պահում՝ լիահույս լինելով, որ աղջիկը կապաքինվի և անհրաժեշտ վիրահատություններն ի վերջո կարվեն:
«Այո, նա այլևս Ռուսաստանում չի բնակվում: Ինքն է նման որոշում կայացրել, ես չպահեցի նրան: Ասացի՝ «Խնդրում եմ, գնա Ամերիկա»: Գնեցի տոմսը, նա վերցրեց այն գումարը, որը նրան տվել են այդ ծախված տեղեկության համար, ու մեկնեց հոր մոտ»,- մանրամասնել է երգչուհին, որի միակ դուստրը ծնվել է գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ ամուսնությունից:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինան հայտարարել էր, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:
Դա շատ էր զարմացրել Ուսպենսկայայի երկրպագուներին, որոնք երգչուհուն խնդրել էին պարզաբանել դստեր հետ կապված իրավիճակն ու այն, թե արդյոք մայրն իրոք այդքան դաժան է վարվել դստեր հետ:
Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ Պլակսինայի մոտ շիզոֆրենանման պսիխոզ է ախտորոշվել, և աղջիկը հաշիվ չի տալիս իր քայլերին:
Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն էր խնդրել մորից:
«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,-գրել էր աղջիկը:
Ուսպենսկայան, իր հերթին, մեկնաբանելով դստեր հնչեցրած մեղադրանքները, ասել էր, որ լրագրողները հոգեբանական ճնշում են գործադրել աղջկա վրա՝ նրան ստիպելով անհեթեթ բաներ խոսել:









