UFG ընկերությունը ներկայացրել է Միխայիլ Միշուստինի և իր ընտանիքի եկամուտները նախքան վերջինիս՝ ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելը

03:29 • 07.02.20

UFG ընկերության կառավարող գործընկեր Պոլինա Գերասիմենկոն հաղորդել է, թե որքան աշխատավարձ է ստացել և ինչու է ընկերությունից հեռացել ՌԴ ներկայիս վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Միշուստինի և իր ընտանիքի եկամուտների հանրագումարը 2010-ից 2015-ին կազմել է 33,55 միլիոն դոլար: Այս մասին Պոլինա Գերասիմենկոն հայտնել է  РБК-ին ուղղված պատասխան նամակում:

Որպես UFG-ի հիմնական ղեկավար՝ Միշուստինը 2009-ին ստացել է մոտ 2,5 միլիոն դոլար, հայտնել է Գերասիմենկոն: Նա նշել է, որ հաջորդ տարի պետական ծառայության վերադառնալու պատճառով  Միշուստինն ընկերությունում իր լիազորության 100%-ը փոխանցել է կնոջը՝ Վլադլենա Միշուստինային:

2010-ին UFG-ի գործընկերները Միշուստինայի հետ համաձայնության են եկել իր լիազորությունն աստիճանաբար վաճառելու շուրջ, ընդ որում՝ փաստացի ընկերության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն անմիջապես է իրականացվել, ընդգծել է UFG-ի գործընկերը: Նա հավելել է, որ Միշուստինայի եկամուտը 2010-ից 2013-ին կազմել է 11,55 միլիոն դոլար:

Հետագայում, պետական ծառայողների ամուսինների և անչափահաս երեխաների հետ կապված նոր սահմանափակումներով պայմանավորված մասնաբաժինը փոխանցվել է Միխայիլ Միշուստինի մորը և քրոջը: Գերասիմենկոյի խոսքով՝ 2013-ից 2015-ին իրենք ստացել են համապատասխանաբար 11,9 միլիոն և 10,1 միլիոն դոլար:

Վաճառքի վերաբերյալ վերջին գործարքն ավարտվել է 2019-ին: Գերասիմենկոն ընդգծել է, որ նախատեսվում է հաշվարկներն ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջին: