Հս. Կորեայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. զոհերի ընդհանուր թիվը հասել է 636-ի

09:42 • 07.02.20

Հյուսիսային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով մահվան առաջին դեպքը, հայտնում  է The Guardian-ը:

Մահացածը մայրաքաղաք Փհենյանի բնակչուհի էր, որը վերջերս էր վերադարձել Չինաստանից: Կնոջ ախտորոշման և առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Պարբերականը նկատում է, որ հյուսիսկորեական իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել համաճարակի ներթափանցումը կանխելու համար, քանի որ երկրի առողջապահական խոցելի և թույլ ենթակառուցվածքի համար այն անտանելի հարված կլինի:

Հյուսիսային Կորեան դադարեցրել է Չինաստանից և Ռուսաստանից չվերթների ընդունումը և երկու պետությունների հետ սահմանի երկայնքով փակել է երկաթգիծը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թվին, ապա ըստ չինական իշխանությունների՝ մահացել է 636, վարակվել` 31 161 մարդ, իսկ հիվանդանոցից դուրս է գրվել 1540 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: