Թաիլանդում դիմակներ բաժանող նախարարը ներողություն է խնդրել օտարերկրացիների վրա բարկանալու համար
Թաիլանդի փոխվարչապետ և առողջապահության նախարար Անութհին Չանվիրակունը Facebook սոցիալական կայքի իր էջում գրառմամբ ներողություն է խնդրել եվրոպացու տեսքով օտարերկրացիների հասցեին արված կոշտ խոսքերի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ներողություն եմ խդրում, որ մի քանի եվրոպացիների պահվածքի պատճառով չկարողացա տիրապետել ինձ»,- գրել է փոխվարչապետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիամ» վերգետնյա մետրոկայարանում տեղի ունեցած ակցիայի շրջանակում փոխվարչապետը շրջելով անցորդներին դիմակներ էր բաժանել, սակայն բարկացել էր մի քանի օտարերկրացիների վրա, որոնք հրաժարվել էին նրա ձեռքից դրանք վերցնել:
«Այս սպիտակամորթ օտարերկրացիներն իրենց այնպես են պահում, կարծես իրենց համար միևնույն է: Իրենց չի հետաքրքրում, որ իրենց պատճառով մարդիկ վարակման վտանգի տակ են գտնվում: Նրանց նմաններին պետք է վտարել Թաիլանդից»,- բացականչել էր Չանվիրակունը` թափահարելով ձեռքում պահած դիմակները:
Այս գրառումը մեծ քննարկումների առիթ էր դարձել ոչ միայն թայերեն խոսողների, այլ նաև անգլախոսների շրջանում: Շատ օգտատերեր քննադատել են փոխվարչապետի նման պահվածքը, շատերն էլ իրենց հերթին համաձայնել են նրա հետ:










