ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Թրամփի բիզնեսի վերաբերյալ դեմոկրատների հայցը

23:26 • 07.02.20

ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Կոնգրեսի ավելի քան 200 դեմոկրատների հայցը, որով նրանք պահանջում էին, որ Թրամփին պատկանող բիզնեսը դադարեցնի վճարներ ընդունել օտարերկրյա քաղաքացիներից: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: 

Ըստ դեմոկրատների՝ նման գործարքները խախտում են ԱՄՆ Սահմանադրության դրույթները, որոնք արգելում են քաղաքացիական ծառայողներին վարձատրություն ստանալ արտասահմանյան երկրներից:

Վերաքննիչ դատարանի դատավորները միաձայն մերժել են հայցը: Նրանք հայտարարել են նաև, որ Կոնգրեսի անդամները իրավունք չունեն հայց ներկայացնել ամբողջ Կոնգրեսի անունից, որովհետև այդ կառույցում որոշումներն ընդունվում են մեծամասնության սկզբունքով:

Դատարանի որոշման մեջ ասված է, որ Կոնգրեսն ու նախագահը կարող են մասնակցել ցանկացած հարցերի քննարկումներին «Սակայն դատարանն ու դատավորները չեն կարող և չեն մասնակցի բանավեճերին»:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, որը դատարանում պաշտպանում էր Թրամփին, հայտարարել է, որ արտերկրից վարձատրության սահմանադրական արգելքը  վերաբերում է ոչ թե ցանկացած գործունեության, այլ միայն պաշտոնատար անձանց իշխանական լիազորություններին:

Թրամփին են պատկանում հյուրանոցներ, գոլֆի դաշտեր և մեծ քանակությամբ այլ անշարժ գույք: Արգելքը մեծ վնաս կհասցներ նախագահի բիզնեսին, որը նա իր պաշտոնավարման ընթացքում հանձնել է որդիներին: