Բելգիացի քաղաքական գործիչը որոշել է բլիթներ թխել կասկածելի ծրարով ստացած փոշուց

21:41 • 08.02.20

Բելգիայի «Նոր ֆլամանդական դաշինք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Անտվերպենի քաղաքագլուխ Բարտ դե Վեյվերը, որը նախօրեին փոստով կասկածելի ծրար էր ստացել՝ փոշու պարունակությամբ, որը, ինչպես ավելի ուշ պարզվել է, ալյուր է եղել, խոստացել է դրանից բլիթներ թխել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քաղաքական գործիչը սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը թափանցիկ բաժակով, որում ալյուր է լցված: «Շնորհակալություն մեր խորհրդավոր Սանտա Կլաուսին ալյուրի փաթեթի համար: Ուշ է, իհարկե, բայց բլիթներն այնուամենայնիվ համեղ կլինեն»,- գրել է բելգիացի գործիչը:

Նախօրեին կասկածելի ծրար ստանալուն պես դեպքի վայր են կանչվել ոստիկանության աշխատակիցները, քաղաքական գործչի տունը շրջափակվել է, իսկ փոշին փորձաքննության է ուղարկվել: Ավելի ուշ պարզվել է, որ ծրարում ալյուր էր եղել: