Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին ուժով դուրս են բերում տներից և ուղարկում ճամբարներ (տեսանյութեր, լուսանկարներ)
Չինաստանի Ուհան քաղաքում մարդկանց, որոնց կասկածում են կորոնավիրուսի նոր տեսակով վարակված լինելու համար, բռնի ուժով դուրս են բերում իրենց տներից և ուղարկում ճամբարներ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Տեսանյութերից մեկում երևում է, որ պաշտպանիչ հագուստներով պաշտոնյաները երկու մարդու թևերից բռնած տանում են, մինչդեռ մյուս պաշտոնյաները երրորդ` դիմադրող անձին փորձում են բարձրացնել գետնից ու տանել:
Տեսանյութը նկարահանվել է Ուհանում, այն բանից հետո, երբ Չինաստանի փոխվարչապետը կոչ է արել «ազգային պատերազմ» սկսել համաճարակի տարածման դեմ:
Մեկ այլ տեսանյութում երևում է, որ ոստիկաններին դիմադրում է մի կին: Այդ տեսանյութը նույնպես նկարահանվել է Չինաստանում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Համաճարակի սկսվելու պահից մահացածների ընդհանուր թիվը հասել է 724-ի, ընդհանուր վարակվածների թիվը 34 876 է:















