Ժիրինովսկին առաջարկել է Թրամփին հանդիպել և խմել պաշտոնանկության գործընթացի ձախողման կենացը

13:26 • 08.02.20

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` շնորհավորելով նրան «Սենատում հաղթանակի կապակցությամբ», և առաջարկել է հանդիպել Մայամիում և «բաժակ բարձրացնել նրա հաջողության համար»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը շնորհավորել է ԱՄՆ նախագահին «Սենատում հաղթանակի և ստոր և սուտ մեղադրանքների ձախողման կապակցությամբ»:

«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները պատրաստ են մեկնել ԱՄՆ, որպեսզի բաժակ բարձրացնեն ձեր հաջողության համար: Մենք ձեզ ընթրիք ենք առաջարկում մեր հաշվին Մայամիում, որտեղ գտնվում է ձեր հիանալի կեցավայր «Մար-ա-Լագոն»»,-գրել է Ժիրինովսկին նամակում:

Բացի այդ, ռուս քաղաքական գործիչն իր զայրույթն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի գործողությունների առնչությամբ` այն անվանելով ոչ տեղին: Իսկ հանրապետական Միթ Ռոմնիի որոշումը` դեմ քվեարկել Դոնալդ Թրամփին, Ժիրինովսկին բնորոշել է որպես դավաճանություն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը փետրվարի 6-ին արդարացրել է Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ: Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվել է՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի միջև չափացանց լարված շփում է եղել:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թրամփը մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:

Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Փելոսին Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից էր և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը: