Ղազախստանի հարավում անկարգությունների մասնակիցներն այրել են ավելի քան 30 տուն և 23 մեքենա. հրապարակվել է նոր տեսանյութ
Ռուսական «Звезда» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վայրից:
Կադրերում երևում են մեծ քանակությամբ մարդիկ, որոնք իրար վրա քարեր են նետում: Երևում են նաև այրվող շենքերը:
Զանգվածային անկարգության մասնակիցները հրկիզումներ են իրականացրել, ինչի հետևանքով վնասվել է ավելի քան 30 տուն, 15 առևտրի օբյեկտ և 23 մեքենա:
«Խուլիգանական գործողությունների արդյունքում, որոնք ուղեկցվել են հրկիզումներով, նախնական տվյալներով, վնասվել է ավելի քան 30 տուն, 15 առևտրի օբյեկտ և 23 ավտոմեքենա»,-ասել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է 8 զոհ: Տուժել է 40 մարդ, ձերբակալվել` մոտ 50-ը: Տեղի ունեցած անկարգությունների պատճառ է նշվում կենցաղային կոնֆլիկտը: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:










