ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 23:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար: Տիգրանաշենի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են:
Կապան-Գորիս ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սիսիան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է:
Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սեմյոնովկա և Շողակաթ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Ֆանտան գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Վարդաղբյուր-Մուսաելյան ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։










