Royal Caribbean-ը չինացիներին արգելել է իր կրուիզային նավեր մուտք գործել
Ամերիկյան Royal Caribbean ընկերությունը Չինաստանը պատուհասած կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հայտարարել է, որ իրեն պատկանող կրուիզային նավերում արգելում է չինական անձնագրերով բոլոր անձանց մուտքը:
Ինչպես նշում է theguardian.com-ը, արգելքը վերաբերում է նաև սպասարկող անձնակազմում ներառված չինացիներին: Հատկանշական է, որ ընկերությունն արգելքի կիրառման հարցում հաշվի չի առնելու, թե մարդը վերջին անգամ երբ է Չինաստանում եղել:
Արգելքը վերաբերում է նաև Հոնկոնգի և Մակուի անձնագրեր ունեցող քաղաքացիներին:
Ընկերության որոշման պատճառն արագ տարածվող նոր վարակն է, որն արդեն 700-ից ավելի մարդու կյանք է խնել ու տարածվել առնվազն 25 երկրում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ընկերությանը պատկանող Anthem of the Seas կրուիզային զբոսանավի վրա գտնվող զբոսաշրջիկներից չորսը հոսպիտալացվել էին բարձր ջերմությամբ: Հայտնի է, որ այդ ուղևորները Չինաստանից էին եկել:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










