Հայտնի է Չինաստանում հարյուրավոր ռուս օդաչուների աշխատանքից հեռացման պատճառը

13:16 • 09.02.20

Ռուսաստանում օդանավի նախկին հրամանատար, թռիչքների անվտանգության մասնագետ Ալեքսանդր Ռոմանովը բացատրել է, թե ինչու են չինական ավիաընկերությունները որոշել ավելի քան հարյուր ռուս օդաչուների ազատել աշխատանքից, հայտնում է Lenta.ru կայքը։

Ռոմանովի խոսքով՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավիաընկերությունների փոխադրումների թիվը նվազել է և հենց դա է ռուս օդաչուներին աշխատանքից ազատելու պատճառը: «Գիտեմ, որ երբեմն 5-10 ուղևոր են այդ  մեծ ինքնաթիռներով տեղափոխվում», - նշել է նա:

Նախկին օդաչուն ենթադրել է նաև, որ աշխատանքից ազատվելու դեպքում  ռուս օդաչուների մեծ մասը կկարողանա արտասահմանում աշխատել, քանի որ նրանք եվրոպական և ամերիկյան վկայականներ ունեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական ավիաընկերությունները զանգվածային կրճատումներ կիրականացնեն և աշխատանքից  ավելի քան հարյուր ռուս օդաչուների կհեռացնեն: Նշվում էր, որ խոսքը գնում է պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման մասին: Միևնույն ժամանակ չինացի ավիափոխադրողները կրճատում են ոչ միայն ռուսաստանցի օդաչուներին, այլ նաև չինական օդանավերի անձնակազմում աշխատող այլ օտարերկրացիներին: