Թուրքիան շարունակում է ռազմատեխնիկա տեղակայել սիրիական Իդլիբում
Թուրքական բանակն զգալիորեն ուժեղացրել է իր ներկայությունը սիրիական Իդլիբ նահանգում: Վերջին օրերին առնվազն 430 միավոր թուրքական ռազմատեխնիկա է տեղակայվել Սիրիայի հյուսիսային շրջանում:
Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական խորհուրդը: Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր թուրքական բանակն աջակցություն է ցույց տալիս սիրիացի ապստամբներին:
Հշեցնենք, որ վերջին տվյալներով՝ սիրիական բանակը գրավել է Իդլիբ նահանգի Սարաքիբ քաղաքը, որը գտնվում է երկրի երկու կարևորագույն մայրուղիների հատման մասում, որոնք միացնում են մայրաքաղաք Դամասկոսը Հալեպ քաղաքին, իսկ Հալեպը՝ ափամերձ Լաթաքիային:
Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջնագիր էր ներկայացրել Դամասկոսին՝ պահանջելով մինչև ամսվա վերջ կառավարական զորքերը հետ քաշել Իդլիբ նահանգում տեղակայված թուրքական դիտորդական կետերից:










