Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողին

12:19 • 09.02.20

Չինացի հանրահայտ  դերասան Ջեքի Չանը խոստացել է մեկ միլիոն յուան (143 հազար դոլար) նվիրել այն մարդուն, որը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծի, հայտնում է New Straits Times Online հրատարակությունը:

Դերասանը հույս է հայտնել, որ դա կարագացնի նոր դեղամիջոցի ստեղծման գործընթացը։ Վերջինս նաև նշել է, որ գումարներ  է նվիրաբերում Չինաստանի համար պաշտպանիչ հագուստի և բժշկական դիմակների ձեռքբերման համար։

«Չեմ ուզում տեսնել դատարկ փողոցներ, որոնք հիմա պետք է ծաղկեին։ Չեմ ուզում տխուր մարդկանց տեսնել, որոնք այժմ պետք է իրենց կյանքը վայելեին»- ասել է Ջեքի Չանը։

Փետրվարի 9-ի տվյալների համաձայն՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում գերազանցում է 37 000-ը, զոհերի թիվը հասել է 811-ի: Վարակակիրներից մեկը մահացել է Հոնկոնգում, ևս մեկը՝ Ֆիլիպիններում:

Մոնիտորինգային տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակվել է 37,65 հազար մարդ, վիրուսից բուժվել է մոտ 2,6 հազար մարդ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար այժմ փորձարկվում է ռուսաստանյան արտադրության «Տրիզավիրին» դեղամիջոցը, որը ռուսաստանյան դեղատներում վաճառքի է հանվել 2014 թվականին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը ամսից քիչ ավել ժամանակում գերազանցել է 2002-ից 2003-ին տարածված ատիպիկ թոքաբորբի (SARS) հետևանքով մահացածների թվին ամբողջ համաճարակի ընթացքում։

ՉԺՀ կառավարության ներկայացուցչի խոսքով` Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին։