Որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում կատարվել են վերափոխումներ. Շենգավիթի թաղապետը պարզաբանել է ոստիկաններին հրավիրելու միջադեպը
Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանումներ է ներկայացրել օրերս տեղի ունեցած տարօրինակ միջադեպի վերաբերյալ, երբ Շենգավիթի թաղապետարանում ժողովի է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին` հրահանգելով իրենց հետ բերել սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները, ապա ներս է հրավիրել ոստիկաններին, որոնք առգրավվել են մատյանները: Ռազմիկ Մկրտչյանի խոսքով` նա դա բացատրել է սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող աշխատանքներով:
«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը:
Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտութունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին):
Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության:
Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակին, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս ակամա կամ միտումնավոր անճշտությունները:
Համայնքային մանկապարտեզներ հաճախող մեր երեխաները միայն և բացառապես որակյալ սննդամթերք պետք է ստանան և, ընդհանրապես, բնակչությանը որակյալ ծառայություն մատուցելը մեր գերխնդիրն է»,- գրել է նա:










