Արցախի նախագահի  ընտրությանը մասնակցելու համար փետրվարի 10-ի դրությամբ հայտ են ներկայացրել Վիտալի Բալասանյանը և Ռուսլան Իսրայելյանը

20:19 • 10.02.20

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուի գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ-ից:

Այսպիսով՝ 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից՝ որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում  չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև «Անկախության Սերունդ»  կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանը: