68-ամյա հնդկուհին սկսել է վազքով զբաղվել՝ ամուսնու բուժման ծախսերը հոգալու համար. պատմությունը ոգեշնչման աղբյուր է դարձել ֆիլմի համար (տեսանյութ)
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում բնակվող 68-ամյա կինը, որը ողջ կյանքի ընթացքում չի իմացել, որ վազելը մարզաձև է, սկսել է մրցումների մասնակցել՝ ամուսնու բուժման համար գումար վաստակելու նպատակով:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, Լատա Կարե անունով հնդկուհին հայտնել է, որ ամուսինը հիվանդացել էր, և նրան հետազոտություն էր անհրաժեշտ անցնել, որը 5000 ռուփի (70 դոլար) արժեր: Այդ գումարը վաստակելու համար նա սկսել է մրցումների մասնակցել, ինչն էլ ամբողջովին փոխել է իր կյանքն ու ֆիլմի համար ոգեշնչման աղբյուր դարձել:
Մրցավազքի մասին, որի հաղթողին 5000 ռուփի պարգևավճար է հասնում, նա տեղեկացել է համագյուղացիներից:
Առաջին անգամ մրցավազքի մասնակցել է 2014 թվականին՝ անցնելով 3 կմ տարածություն: Դրանից հետո նա բազմաթիվ մրցումների է մասնակցել: Բացի այդ, իր առաջին մրցավազքի ժամանակ կինը եզրագծին հասել է բոկոտն, քանի որ ընթացքում պոկվել էին նրա կոշիկները, սակայն հնդկուհին շարունակել է վազել՝ դեն նետելով սանդալները:
Նրա պատմությունը սյուժե է դարձել ֆիլմի նկարահանման համար, որում հենց ինքն էլ խաղացել է իր դերը: Ֆիլմի ռեժիսորը կնոջ հուզիչ պատմությունն առաջին անգամ կարդացել էր տեղի թերթերից մեկում և որոշել վավերագրական ֆիլմ նկարահանել նրա մասին, սակայն արդյունքում գեղարվեստական կինոնկար էր ստացվել:
Ամուսինն այժմ հպարտությամբ ասում է, որ իր կյանքով կնոջն է պարտական, թեև տխրում է, որ նա ստիպված է եղել այդ տարիքում նման դժվարություններ կրել:










