Որդուս սպանողներից Վաչե Սահակյանը 1 մլն գրավի դիմաց ուզում է ազատ արձակվել. սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը հատնեց, որ դատարան միջնորդություն է ներկայացվել
Որդուս սպանության գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպանն այսօր դատարան միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոփոխելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը՝ հավելելով, որ մտահոգություն ունի, որ դատարանը կարող է բավարարել այդ միջնորդությունը:
«1 մլն դրամ գրավ են առաջարկում: Փաստաբանը՝ Նադիրյանը առանց ամաչելու նշում էր, որ դատաքննությունը 4 տարի 3 ամիս է ընթանում է, ընդհանուր առմամբ Վաչեն արդեն 5 տարի է անազատություն է մեջ է, ինչն անօրինական է՝ հաշվի առնելով Սահակյանի վարքագիծը: Մովսես Ազարյանի պաշտպանը ևս, խոսում էր միջնորդություն ներկայացնելու մասին: Ես մտահոգություն ունեմ, որ հիմա բոլոր ամբաստանյալների պաշտպաններն էլ հանդես կգան միջնորդությամբ: Սա դատական նիստերը ձգձգելու հերթական միջոց է: Եթե դատական նիստերը պարբերաբար չհետաձգվեին՝ դատարանն արդեն իմ որդուն սպանողների մեղքը հաստատող վճիռ կունենար»,-ասաց Արկադի Բարսեղյանը:
Արկադի Բարսեղյանի խոսքով՝ դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են ամբաստանյալների պաշտպանների բացակայության պատճառով:
«Մի դեպք չի եղել, որ մեր պատճառով հետաձգվի: Կնոջս ինքնազգացողությունը վատացել է, երբ իմացանք, որ մեր որդուն սպանողները կարող են հայտնվել ազատության մեջ: Ես խնդրում եմ պատկան մարմիններին այս գործի կարևորության մասին չմոռանալ: Նախաքննությամբ բոլոր փաստերը ձեռք են բերվել, թե որդուս ինչպես են սպանել»,-ընդգծեց նա:
Արկադի Բարսեղյանը նաև պնդեց, որ գործով ամբաստանյալների հարազատները վկաների նկատմամբ ճնշում են գործադրել, ինչը վերաբերյալ դատարանում ևս հայտարարություն է եղել:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:










