Սուդանը զորքերը դուրս է բերում Եմենից

01:41 • 10.02.20

Սուդանի կառավարությունը վերանայում է երկրի մասնակցությունը Եմենի տարածքում ընթացող հակամարտությանը: Պաշտոնական Խարթումը որոշոմ է ընդունել իր ռազմական ներկայության կրճատման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով սուդանցի նախարար Ֆեյսալ Մուհամմադին:

«Այժմ վերանայվում է Եմենում պատերազմն ընդհանուր առմամբ: Կոալիցիայում շատ երկրներ համոզմունք ունեն, որ խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական գործողություններով»,- հայտնել է Մշակույթի և ԶԼՄ նախարարը:

Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և «Անսար Ալլահ» շիա շարժման ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: 2015-ի մարտից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների ռազմական կոալիցիան հանդես է գալիս կառավարության կողմից:

2018 թվականի դեկտեմբերին Եմենում մի քանի տարվա մեջ առաջին անգամ հակամարտության կողմերը հանդիպել են Ստոկհոլմում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված բանակցությունների սեղանի շուրջ: Նրանց հաջողվել է հասնել մի շարք կարևոր պայմանավորվածությունների, որոնց թվում են գերիների փոխանակումը, Հոդեյդա քաղաքում կրակի դադրեցում և այլն։