Ավստրալիայում տեղատարափ անձրևները մարել են 74 օր շարունակ այրվող անտառը. այժմ բնակիչները տարհանվում են հեղեղումների պատճառով

02:30 • 10.02.20

Մոտ137 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել Ավստրալիայում սկսված տեղատարափ անձրևների հետևանքով: Տարհանվում են Սիդնեյի միանգամից 4 հեղեղված շրջանների բնակիչներ: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald թերթը:  

Ավստրալական պարբերականի տվյալների համաձայն՝ մոտ 400 տների բնակիչների տարհանումն իրականացվել է նախազգուշական նպատակներով: Նոր Հարավային Ուելս նահանգի Արտակարգ իրավիճակների ծառայությունը մտավախություն է ունեցել, որ հակառակ դեպքում բնակիչներն առանց խմելու ջրի կմնային: Տեղումների առավելագույն քանակը գրանցվել է Վուլլոնգոնգ քաղաքի հարավում՝ առավոտից այնտեղ 266 մմ անձրև է եկել:

Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ տեղատարափ անձրևները մարել են Քարոուեն անտառի հրդեհը, որը բռնկվել էր 74 օր առաջ և ոչնչացրել ավելի քան 500 հազար հեկտար կանաչ տարածություն:

Նախորդ ամիս հայտնել էինք, որ Ավստրալիայում շաբաթներ շարունակ տևած հրդեհներից հետո վերջապես անձրև էր եկել: Երկրի առանձին հատվածներում ջերմաստիճանն իջել էր:

Երկրում հրդեհներից ամենաշատը տուժել են Քուինսլենդ, Նոր Հարավային Ուելս նահնգները, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարվել:

Բնապահպանները պնդում են, որ հրդեհների պատճառով ոչնչացել է գրեթե կես միլիարդ կենդանի: Ավելի քան 1200 տուն է ավերվել, միլիոնավոր հեկտար տարածություն է այրվել: