«Ընտրություններն ամբողջովին կեղծվել են». Ադրբեջանում ընդդիմադիրները հայտնել են մի շարք ընտրախախտումների մասին. Deutsche Welle

13:09 • 10.02.20

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունն անդրադարձել է Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել է ադրբեջանցի ընդդիմադիրների տեղեկություններն այն մասին, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են գրանցվել:

Ընդդիմադիրները տեղեկացրել են բազմաթիվ լցոնումների, «կարուսելների» և դիտորդների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի մասին:

«Ամենատարածված խախտումներից է եղել այն, որ դիտորդներին թույլ չեն տվել մտնել ընտրատեղամասեր, ում էլ որ թողել են, ճնշումներ են գործադրել նրանց նկատմամբ: Նրանց կարգադրել են նստել միայն դիտորդների համար նախատեսված տեղերում, չկանգնել, հարցեր չտալ և նկատողություններ չանել»,-ասել է Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը:

Ընդդիմության առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծված են եղել:

«Մենք արդեն մի շարք խախտումներ ենք գրանցել ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներ ունենք»,- ասել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:

Համաձայն կանխատեսումների` Ադրբեջանի իշխող կուսակցությունը խորհրդարանում ստանում է 125-ից 69 տեղ և ապահովում իրեն բացարձակ մեծամասնությամբ: