Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրություններում Էրդողանին հաղթելու շանսեր ունի միայն Իմամօղլուն. սոցհարցում

17:32 • 10.02.20

Թուրքիայի գալիք` 2023 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավանական ու սկզբունքային մրցակիցը կարող է լինել Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը` հղում անելով «Yoneylem» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած հարցումներին:

Ըստ հարցումների արդյունքների` Իմամօղլուն ներկա դրությամբ ավելի մեծ շանսեր ունի նախագահ ընտրվելու: Հարցումը կազմակերպած ընկերությունը 2020 թվականից համագործակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության հետ, որի անդամն է Իմամօղլուն, և այդ կուսակցության պատվերով սոցիոլոգիական հարցումներ է կազմակերպում:

Հունվարին կայացած հարցումներից մեկի ժամանակ քաղաքացիներին հարցրել են, թե առաջիկա նախագահական ընտրություններում ում կընտրեն` առաջարկելով քվեարկել Էրդողանի և ևս 6 այլ անձանց միջև:

Նշվում է, որ Էրդողանի ու Իմամօղլուի միջև ընտրություն կատարելիս հարցվածների 39,1%-ն ընտրել է գործող նախագահին, իսկ 41,4%-ը` Իմամօղլուին:

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ենթադրյալ մրցակցության պայմաններում 37%-ը քվեարկել է Էրդողանի, 25,2%-ը` Գյուլի օգտին: Նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ ենթադրյալ մրցակցության պայմաններում Էրդողանը կրկին ստացել է ձայների 37%-ը, իսկ Բաբաջանը` 27,1%-ը:

Հարցմանը մասնակցել է Թուրքիայի 26 նահանգների 120 շրջանների 2507 քաղաքացի: