Վրաստանի ընդդիմությունը դադարեցնում է բանակցություններն իշխանությունների հետ` Թբիլիսիի նախկին քաղաքապետի դեմ կայացված դատավճռի պատճառով
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դադարեցնում են ընտրական համակարգի հարցի շուրջ բանակցություններն իշխանությունների հետ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ընդդիմությունը նման որոշման է եկել Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավայի նկատմամբ Գերագույն դատարանի կայացրած վճռի պատճառով: Այս մասին հայտնել է վրաց խորհրդարանի նախկին խոսնակ, Ուգուլավայի կուսակից Դավիթ Բաքրաձեն:
«Այսօր իշխանությունն այս երկրում տեղ չի թողել բանակցությունների և համաձայնությունների համար, այդ իսկ պատճառով ընդդիմությունը կայացնում է միակ որոշումը՝ այսօրվանից՝ Գիգի Ուգուլավայի դատավճռի հրապարակումից հետո, դադարեցվում են բոլոր տեսակի բանակցությունները: Մենք ունեինք մեր փոխզիջումային տարբերակները, առաջարկները, սակայն այդ ամենն ավարտվել է»,- ասել է Բաքրաձեն:
Վրաստանի Գերագույն դատարանն այսօր Ուգուլավային մեղավոր է ճանաչել ավելի քան 48 մլն լարի ($17 մլն) մսխելու գործով և դատապարտել է 3 տարի և երկու ամսվա ազատազրկման:
Ընդդիմությունն իշխանությունների հետ նոր ընտրական համակարգի անցնելու հարցի շուրջ բանակցություններ էր սկսել վարել 2019-ի նոյեմբերի 14-ին:










