Եթե տարածքի քաղաքացիների մեծամասնությունը դեմ լինի, ես էլ դեմ կլինեմ. մարզպետը` Ձորագետի կիրճում ՀԷԿ-եր կառուցելու հնարավորության մասին

21:42 • 10.02.20

«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից մեկը ահազանգել է, որ Ձորագետի կիրճով անցնող գետի վրա փորձում են երկու ՀԷԿ կառուցել:

«Ուշադիր նայեք, մի գուցե վերջին անգամն եք զմայլվում Ձորագետի կիրճով, քանի որ մի քանի անհայրենիք մնացած մարդիկ փորձում են 17 կմ գետը ցամաքացնել և անցկացնել խողովակների մեջ, սարքելով երկու ՀԷԿ։ Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամներ և համայնքապետ սպասում ենք ձեր խոսքին։ Թույլ չտաք՝ դրանք մոտենան մեր հողին ու ջրին…»,-ասված է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեջ:

Խնդրի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, ով նշեց, որ իրենք ոչ մի գրություն չեն ստացել ՀԷԿ կառուցելու վերաբերյալ:

«Որևէ գործընթաց մեզ հետ կապված չի իրականացվել: Ինչ մամուլից տեղեկացված եմ, դա  է ընդամենը, հետևաբար որևէ բան ասել չեմ կարող»,-ասաց նա:

Հարցին, թե եթե նման բան նախատեսվի, ինչպիսին է լինելու իր դիրքորոշումը, մարզպետը պատասխանեց. «Ես՝ որպես լոռեցի և քաղաքացի, եթե այդ տարածքի քաղաքացիների մեծամասնությունը դեմ կլինեն, ուրեմն ես էլ դեմ կլինեմ»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ չի կարող ասել, թե ՀԷԿ-ը կվնասի գետը, քանի որ մասնագետ չէ և չգիտի, թե քանի տոկոս ջուր են վերցնելու և ինչ են պլանավորում անել: «Բայց մենք տուրիզմն ենք ուզում զարգացնել և եթե գետը պետք է վնասվի, բնականաբար կողմ չենք ՀԷԿ-ին: Ամեն դեպքում մենք որևէ գրություն չենք ստացել և ինչ խոսում ենք, խոսում ենք ենթադրություններով»,- ասաց նա և նշեց, որ նման դեպքերում պետական մարմիններից են տեղեկություն ստանում: