ԿԳՄՍ նախարարի տեղակալների նշանակումը պետք է լինի մտածված՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, ըստ էության, բխում են այն առաջնահերթություններից, որոնք սահմանվել են 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների և դրան հաջորդած ընտրությունների ժամանակ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան Tert.am-ի այն դիտարկմանը, թե կարծիք կա, որ սահմանդրական փոփոխություններն արվում են մեկ անձից ազատվելու համար:
«Այդ ամենի արդյունքում ձևավորված կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ ու այդ ոգով: Այն փոփոխությունները, որոնք նախանշված են Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, լուծելու են այդ խնդիրները»,- հայտարարեց նա:
Հարցին՝ համաձա՞յն է, որ սա կլինի վստահության հանրաքվե իշխանությունների համար, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ դա լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Ինչ վերաբերում է հարցին, թե նրա երկու տեղակալները չեն պաշտոնավորում, մեկն էլ քրեական գործով է անցնում, նախարարության աշխատանքը նման պայամններում ինչպե՞ս է համակարգվում, Հարությունյանն ասաց, որ այնպես, ինչպես նախկինում էր:
«Իհարկե, լրացուցիչ ջանքեր գործադրում ենք, բայց նաև ուզում ենք, որ ապագայում, երբ նշանակումներ լինեն, մենք դաշտում բոլոր հնարավոր մասնագետներին դիտարկենք, նոր միայն նշանակումներ անենք: Ես ինքս հիմա որոշակի դժվարություններ տեսնում եմ և տեղակալների նշանակման կարիքը տեսնում եմ, բայց նաև գիտակցում եմ, որ նշանակումները պետք է լինեն մտածված, և հաշվի առնվեն բոլոր հանգամանքները»,- հայտարարեց նախարարը:
Հարցին էլ՝ արդյոք Գևորգ Լոռեցյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ որևէ բան ասել կարող է, նա արձագանքեց. «Ի՞նչ մեկնաբանություն եք ակնկալում. գնում է նախաքննություն: Անմեղության կանխավարկածը չպետք է ոտնահարել, երբ գործը կավարտվի, և նոր ընթացք կլինի, այսինքն` նախաքննական մարմինն այս կամ այն որոշումը կկայացնի գործի հետ կապված, նոր մեկնաբանություններ կլինի»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ-ականների ներգրավվածությունից դպրոցների կառավարման ոլորտում, Հարությունյանը նշեց, որ բազմիցս է անդրադարձել այդ խնդրին. «Որևէ ազդեցություն ՔՊ-ականները կամ որևէ այլ կուսակցության գոնե այ մեկ տարի 8 ամիսների ընթացքում չի եղել, Ազգային ժողովի բարձր ամբիոնից խոսել ենք դրա մասին»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










