Իդլիբում հրետակոծության հետևանքով 5 թուրք զինծառայող է մահացել
Սիրիական Իդլիբում տեղակայված դիտակետի վրա բացված կրակի հետևանքով մահացել է թուրքական բանակի 5 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է CNN-ի թուրքական ծառայությունը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Սիրիական ռեժիմի հրետակոծության հետևանքով մահացել է 5 զինծառայող, 5-ը վիրավորում են ստացել»,-ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ` փետրվարի 3-ին, Սիրիայի կառավարական ուժերի գրոհի հետևանքով մահացել էր 8 թուրք զինծառայող:
Այն մասին, որ Թուրքիան չի պատրաստվում լքել Իդլիբը և մտադիր է ամրապնդել դիտակետերը, Թուրքիայի նախագահը հայտարարել էր փետրվարի 4-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն:










